Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Առանց իմ խաղընկերների ես սրան չէի հասնի»

«Առանց իմ խաղընկերների ես սրան չէի հասնի»
22.11.2013 | 12:15

Չորեքշաբթի օրը Կատալոնիայի մայրաքաղաքում «Բարսելոնի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին հանձնվեց Մարզական լրագրության եվրոպական ասոցիացիայի (ESM) ամենամյա մրցանակը, որը շնորհվում է ՈՒԵՖԱ-ի կազմում գտնվող երկրների ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուին:
Անցած մրցաշրջանի արդյունքներով արգենտինացին իսպանական պրեմիեր լիգայի երեսուներկու խաղում դարձել է քառասունվեց գոլի հեղինակ, ընդ որում, գրավել է մրցակից բոլոր թիմերի դարպասները: Պատվավոր մրցանակը քսանհինգամյա մարզիկի կարիերայում արդեն երրորդն է: Սա բացարձակ ռեկորդ է: Ավելի վաղ «Ոսկե խաղակոշիկ» նրան շնորհվել է 2010 և 2012 թվականներին: Դրանցից առաջինում խփել է երեսունչորս, երկրորդում` հիսուն գնդակ:
Պատվավոր մրցանակի համար պայքարում Մեսիի հիմնական մրցակիցը Քրիշտիանու Ռոնալդուն էր` համաշխարհային ֆուտբոլում նույնպես վառ անհատականություն: Ի դեպ, պորտուգալացին «Ոսկե խաղակոշիկի» կրկնակի տիրակալ է: Այս անգամ նա Մեսիին զիջել է տասներկու գնդակով:
Պարգևատրումից հետո ահա թե ինչ է ասել Մեսին. «Ես այս մրցանակը նվիրում եմ նրանց, ովքեր սիրում ու աջակցում են ինձ դժվար պահին, իմ թիմակիցներին, առանց որոնց ես այն չէի շահի: Նրանք շատ գոլեր են ստեղծել ինձ համար, ու առանց իմ խաղընկերների ես սրան չէի հասնի հիմա ու նախորդ երկու դեպքերում: Ինչ վերաբերում է իմ վերականգնման ընթացքին, հստակ ժամանակ չի կարելի նշել: Ես կվերադառնամ, երբ կարգին վիճակում կլինեմ ու կաշխատեմ ապագայում խուսափել վնասվածքներից»:
Միաժամանակ ասենք, որ Մեսին «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում է, որը հաղթողին կշնորհվի 2014-ի հունվարի 13-ին: Հանդիսավոր արարողությունը կայանալու է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ